WannaCry միջազգային վիրուսային հարձակման հասցրած վնասը գերազանցել է 1 մլրդ դոլարը
Վերջին շրջանում Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների վրա կատարված զանգվածային կիբերհարձակումը, որը կատարվել է WannaCry վիրուսի միջոցով, հանգեցրել է հսկայական վնասի, որի գումարը գերազանցել է $ 1 մլրդը: Այս մասին հաղորդում է McClatchy լրատվական ծառայությունը՝ հղում անելով ամերիկյան փորձագետներին:
Վիրուսի տարածումը, որի հետևանքով մայիսի 12-ից սկսած տուժել է ավելի քան 300.000 համակարգիչ ամբողջ աշխարհում, թուլացել է վերջին օրերին, բայց դրա ստեղծողների ինքնությունը և շարժառիթներն անհայտ են մնացել:
«Ընդամենը առաջին չորս օրերի ընթացքում WannaCry-ը հասցրել է ավելի քան $ 1 մլրդի վնաս՝ հաշվի առնելով խոշոր կազմակերպությունների համակարգիչների դադարեցված աշխատանքը աշխարհի ավելի քան 150 երկրներում», - հայտնել է KnowBe4 ընկերության ղեկավար Սթյու Սյուվերմանը: Իր վերլուծության մեջ նա ներառել է տվյալների կորուստը, աշխատանքի խափանումը առաջատար կազմակերպություններում և այլ բազմաթիվ գործոններ:
Հիշեցնենք, որ WannaCry վիրուսի համար օգտագործվել են ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության գործիքները, որոնք համացանցում հրապարակվել էին անցած ամիս: Այդ արտահոսքի համար պատասխանատվություն ստանձնած Shadow Brokers խումբը սպառնացել է հրապարակել նոր ծրագրային կոդ՝ թույլ տալով հաքերներին կոտրել աշխարհի ամենաշատ օգտագործվող համակարգիչները, ծրագրերն ու հեռախոսները:
Խմբի կողմից արված բլոգային գրառման մեջ հաքերները խոստանում են հունիսից ամեն ամիս գործիքներ փոխանցել ցանկացած մեկին, ով կցանկանա վճարել տեխնոլոգիական աշխարհի ամենամեծ կոմերցիոն գաղտնիքներին հասանելիություն ստանալու համար:










