Շվեդական ընկերությունն իր աշխատողների մաշկի տակ միկրոչիպեր է տեղադրել՝ նրանց կյանքը հեշտացնելու համար (տեսանյութ)
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գործող Epicenter տեխնոլոգիական ստարտափն իր աշխատողների զգալի մասի ձեռքի մաշկի տակ բրնձի հատիկի մեծությամբ միկրոչիպեր է տեղադրել, գրում է Oddity Central-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ չիպերը տեղեկություն են հավաքում այն մասին, թե մարդիկ որքան են աշխատում, երբ են գնում ընդմիջման, որքան ժամանակ են ծախսում հանգստանալու վրա: Բացի այդ, դրանք թույլ են տալիս առանց քարտի կամ գաղտնաբառերի բացել փակ դռները, օգտագործել ընկերության տպիչները կամ սրճարանից որևէ բան պատվիրել: Դրա համար հարկավոր է միայն չիպը կրող ձեռքը տարուբերել հատուկ տեսածրիչի (սքաներ) առաջ:
Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Պատրիկ Մեստերտոնը պատմել է, որ ինքն առաջիններից է տեղադրել միկրոչիպը:
Նշվում է, որ ընկերությունը միանգամայն անվճար է տեղադրում չիպերը, իսկ բուն գործընթացը կարճատև է ու անցավ:
Epicenter-ի աշխատողների մեծ մասը կարծում է, որ առաջադեմ տեխնոլոգիաների սրընթաց զարգացմանը զուգահեռ ապագայում կառավարությունը կստիպի բոլոր քաղաքացիներին անխտիր նման չիպեր կրել:










