Vertu-ն ներկայացրել է 360.000 դոլարանոց նոր բջջային հեռախոս (լուսանկարներ)
Լյուքս դասի բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող Vertu ընկերությունը, որը մեծ հեղինակություն է վայելում մեծահարուստների շրջանում, ներկայացրել է հերթական թանկարժեք նորույթը:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, սահմանափակ քանակությամբ արտադրվելիք Vertu SIGNATURE Cobra բջջայինն արժե 360.000 դոլար:
Աղբյուրը նկատում է, որ տեխնոլոգիական տեսանկյունից հեռախոսը ոչ մի նոր բան չի առաջարկում և ինչ-որ առումով նույնիսկ հնացած է: Նորույթի աստղաբաշխական գինը պայմանավորված է դրա վրա եղած թանկարժեք քարերի առատությամբ:
Ձեռքով հավաքված հեռախոսը, որը ստեղծվել է ֆրանսիական հեղինակավոր Boucheron ոսկերչական բրենդի հետ համագործակցության շրջանակում, բաղկացած է 388 մասից: Հմուտ մասնագետները հեռախոսի վրա ամրացրել են 440-ից ավելի սուտակ, զմրուխտ, ադամանդ, որոնք միասին հեռախոսի շուրջ փաթաթված կոբրայի տեսք են ստացել:
Հայտնի է, որ հեռախոսն արտադրվելու է ընդամենը 8 օրինակով, որից մեկը վաճառվելու է Չինաստանում: Նշվում է նաև, որ հեռախոսները պատվիրատուներին են առաքվելու հատուկ ուղղաթիռով:












