2017թ-ի 4 ամիսներին ՀՀ-ում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության, 24 սեռական բռնության դեպք. Նելլի Դուրյան (տեսանյութ)

12:42 • 29.05.17

 

2017թ-ի 4 ամիսների ընթացքում հանրապետությունում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք՝ նախորդ տարվա 71-ի փոխարեն. այսօր Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Ըստ նրա՝ դրանք, մասնավորապես, ծեծի դեպքեր են, նաև սեռական անձեռնմխելիության խախտման և սեռական հանցագործության դեպքեր: Նելլի Դուրյանը նշեց, որ անցած չորս ամիսներին գրանցվել է սեռական բռնության 24 դեպք՝ նախորդ տարվա 34-ի փոխարեն:  Ընտանեկան բռնության դեպքերը եղել են 4-ը՝ նախորդ տարվա 4-ի դիմաց:

Նելլի Դուրյանը նշեց, որ դպրոցներում և հարակից տարածքներում դպրոցական տեսուչների  կատարած աշխատանքի շնորհիվ անցած չորս ամիսների ընթացքում որևէ դեպք չի արձանագրվել: Կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում դպրոցներում ոստիկան-տեսուչները անչափահասների հետ դաս են վարում, նաև ավանդույթ է դարձել, երբ բարձրաստիճան ոստիկան է գալիս դպրոցներ՝ դասեր վարելու համար:

Երեխաների իրավունքներով զբաղվող ոստիկանության գնդապետն առանձնացրեց հիմնական խնդիրները, որոնցով դիմում են ոստիկանություն այն երեխաները, որոնց իրավունքները ոտնահարվում են: Նրա խոսքով՝ հիմնականում խնդիրը ամուսնալուծված ծնողների դեպքում է՝ լինի դատական գործընթացով, թե առանց:

«Երեխան դառնում է կռվախնձոր, մի ծնողից մյուսին տալու համար դիմում են ոստիկանությանը, որ մորից վերցնեն տան հորը կամ հակառակը: Շաբաթվա կտրվածքով՝ ունենում ենք 2-ից 3 նման դեպք»,-ասաց նա և նշեց, որ աշխատանքային խորհրդաժողովի ժամանակ այս խնդիրը բարձրաձայնվել է նաև ՄԱԿ-ի գրասենյակում:

«Ծնողին տեսակցելը, տատիկ, պապիկին տեսակցելու խնդիրը շատ է լինում և այստեղ ոստիկանությունը որոշակի դերակատարություն ունի, փորձում ենք աջակցել երեխաներին»,-ասաց նա:

Նելլի Դուրյանը նշեց, որ ոստիկանության տեսադաշտում հայտնված երեխաները հիմնականում միակողմանի ընտանիքներից են՝ միայնակ մայրեր, որոնք չեն կարողանում շփվել, հասկանալ իրենց դեռահաս երեխաների խնդիրները:

Ոստիկանության պաշտոնյան, անդրադառնալով  ընտանեկան բռնություններին, նշեց, որ հասարակության մեծ մասը տեղյակ է, թե ինչ է ընտանեկան բռնությունը և, ըստ այդմ, ահազանգերի թիվն աճում է:

«Ավելի շատ են հաղորդում դեպքերի մասին»,-ասաց նա:

Ի դեպ՝ Նելլի Դուրյանը նաև նշեց, որ եթե այլ պետությունների հետ համեմատում են երեխաների դեմ բռնությունների թիվը, Հայաստանում այն ցածր ցուցանիշ ունի: «Բայց մեզ համար ուրախալին այն է, որ նախորդ տարվա համեմատ նվազում  ենք նկատում, չնայած պետք է հասել նրան, որ ընդհանրապես բռնություն չլինի՝ ո՛չ ընտանիքում, ո՛չ հաստատություններում, ո՛չ փողոցներում»,- ասաց նա: