Սփյուռքի հայը կարծում է, որ Հայաստանը «Disney land» պիտի լինի, բայց Հայաստանն էլ իր խնդիրներն ունի. Սերխիո Նահապետյան

22:58 • 29.05.17

 

Ռամկավարական ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների Պալատի նախկին պատգամավոր Սերխիո Նահապետյանի կարծիքով՝ Հայաստանը և սփյուռքը, որպես մեկ մարմին, պետք է միասին աշխատեն հայաստանյան բոլոր խնդիրները լուծելու ուղղությամբ: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ կարևոր է աշխատել և՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, և՛ Արցախի ճանաչման գործընթացների վրա, ինչպես նաև՝ պետք է աշխատել Հայաստանի տնտեսական կյանքը զարգացնելու ուղղությամբ:

«Մենք՝ որպես սփյուռքյան կուսակցություն, պետք է աշխատենք Հայաստանի մնացած կուսակցությունների, Հայաստանի կառավարության հետ ժողովրդի կյանքի, այլ ոչ թե անձերի կյանքի բարելավման համար»․- ասաց նա՝ նշելով, որ այդ կապերը զարգացնելու արդյունքում Հայաստան-սփյուռք կապը կամրանա:

Սերխիո Նահապետյանը նշեց, որ սփյուռքը և Հայաստանը հիմա էլ միասնական նպատակներ ունեն: Հիմա, ըստ նրա, սփյուռքյան կառույցների ուշադրության կենտրոնում Արցախի ճանաչման գործընթացն է, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն արդեն իր ճանապարհն անցել է: «Հիմա պետք է Արցախի վրա աշխատենք, և Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանենք»,- ասաց նա՝ նշելով, որ իր ասածին հասնելու համար պետք է աշխատանք տարվի, գործ արվի, Հայաստանին առաջարկներ ներկայացվեն:

Հայաստանը զարգացնելու, հայ ժողովրդին օգնելու համար, ըստ Սերխիո Նահապետյանի, պետք է ռեսուրսներ ներդնեն և՛ հայաստանյան իշխանությունները՝ Հայաստանը, և՛ սփյուռքը: «Այն մարդիկ, ովքեր դրամ են դնում Հայաստանում, բարեգործական կազմակերպություններ չեն, նրանք բիզնես են դնում: Պետք է նախ հասկանամ, որ իրենց դրամն ապահով տեղում է, և բիզնեսն առաջ է գնալու: Եթե առաջ չգնա, դժվարություններ ունենան, ապա կգնան այլ երկրում իրենց բիզնեսը զարգացնելու, այնտեղից էլ փող կուղարկեն՝ որպես բարեսիրություն: Բայց դա խնդրի լուծում չէ: Աշխատանք պետք է լինի երկրում»,- ասաց նա:

Արգենտինահայը նշեց, որ հիմա սփյուռքը կանգնած է մարտահրավերի առջև. երիտասարդներն առավել քիչ են հետաքրքրված հայկական խնդիրներով: «Պետք է դա փոխվի: Պետք է աշխատենք նոր սերնդի հետ, պետք է աշխատենք մեր երիտասարդների, պրոֆեսիոնալների հետ և նրանց ներգրավենք կազմակերպություններում: Նրանք պետք է առաջարկներ բերեն»,- ասաց նա՝ նշելով, որ քաղաքական կառույցները պետք է այդ երիտասարդների միջոցով սփյուռքյան նոր հանձնախմբեր բացեն:

Այնուամենայնիվ, ըստ սփյուռքահայ գործչի, Հայաստան-սփյուռք կապը տարիների ընթացքում ամրանում է, պե՛տք է ամրանա: «Բայց ես միշտ ասում եմ՝ սփյուռքի հայը կարծում է, որ Հայաստանը «Disney land» պիտի լինի՝ գեղեցիկ, աղքատություն չպիտի լինի, այդպես են մտածում, որովհետև Հայաստանը մեզ համար երազ է:  Այդ կապերը պետք է ամրացնենք, և սփյուռքը պետք է իմանա, որ Հայաստան երկիր ունենք, որ խնդիր ունի, որ ժողովուրդ ունենք, որ իր ցավերն ունի, որ աղքատն էլ կա, գողն էլ կա, լավ մարդն էլ կա, հարուստն էլ կա և այլն, և այլն: Այս խնդրին երբեք չեն անդրադարձել, և կարծում են, որ Հայաստանը դրախտ է: Ո՛չ, այդպես չէ»,- ասաց նա: