Կոռուպցիայի կանխարգելման ստեղծվելիք հանձնաժողովի 5 անդամներից 3-ին ընտրելը պետք է վերապահել ընդդիմությանը. Հերիքնազ Տիգրանյան (տեսանյութ)
Կոռուպցիայի կանխարգելման ստեղծվելիք հանձնաժողովի մասին նախագիծը հիմք է դնում ունենալու մի մարմին, որ կունենա շատ ավելի լայն լիազորություններ, քան Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ունի: Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը՝ հավելելով, որ ստեղծվելիք հանձնաժողովը ևս լինելու է կոլեգիալ մարմին, այն ձևավորվելու է խորհրդարանի կողմից:
«Անդամները առաջնորդվելու են պետաիրավական հանձնաժողովի կողմից, մենք առաջարկում ենք 5 անդամներից երեքին առաջադրելու իրավունքը վերապահել ԱԺ ներկայացված ընդդիմադիր խմբակցություններին: Հարցն այն է, որ այս նախագծով սահմանված է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով է դա լինելու, իսկ մենք կարծում ենք, որ պետք է որոշակի հստակեցումներ մտցնել՝ ընդդիմության ձայնը որոշիչ դարձնելու համար»,- շեշտեց նա:
Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ կարևոր է, որ հանձնաժողովի անկախությունը պահպանվի:
Իրավախորհրդատուն մանրամասնեց, որ թեև այս նախագծով շահառուների, ռիսկային գոտում գտնվողների ցանկն ընդլայնվել է , քանի որ հիմա ռիսկային գոտում են նաև քննիչները, դատախազները, բայց տեսադաշտից դուրս մնացածներ կան:
«Մեր կազմակերպությունը նախաձեռնել էր և նախագծային տարբերակ ունեինք շահերի բախման օրենսդրության կարգավորման մասով, որտեղ նախատեսվում էր, որ շահերի բախումը պիտի տարածվի ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների վրա, այլև հանրային ծառայողների, որովհետև հանրային ծառայողը զբաղեցրած պաշտոնում երբեմն հայտնվում է այն իրավիճակում, որ դառնում է որոշում ընդունող, օրինակ, մասնակցում է գնումների մրցութային հանձնաժողովներին և այլն: Բայց կառավարություն մտած տարբերակում դուրս էին եկել հանրային ծառայողները, ինչը նշանակում է, որ այս պահի դրությամբ շահերի բախման դրույթները տարածվում են միայն բարձրաստիճան պաշտոնյաների անձանց վրա,իհարկե, ընդլայնված շրջանակով: Բայց մենք գտնում ենք, որ շրջանակը սպառիչ չէ»,-մանրամասնեց նա:
Իրավախորհրդատուն մանրամասնեց, որ նոր ստեղծվելիք հանձնաժողովն իրավասու է հարուցել վարույթներ և օրենքով սահմանված դեպքում կիրառել սանկցիաներ։
Ըստ նրա՝ իշխանություններն այս փոփոխությունները պետք է կատարեն անկախ քաղաքական կամքից, քանի որ ունեն նաև միջազգային պարտավորություններ:
Մանրամասները՝տեսանյութում:










