«Ճաճոյի էդոյի» որդու սպանության դեպքից համապատասխան մարմինները պետք է եզրակացություն անեն. Զարուհի Հովհաննիսյան (տեսանյութ)
«Ճաճոյի էդոյի» որդուն՝ Տիգրան Մարտիրոսյանին սպանած կնոջը՝ Լիանա Կիրակոսյանին աջակցություն հայտնած իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ակնհայտ է համարում, որ կինը գնացել է այս քայլին ինքնապաշտպանությունից ելնելով և գտնվել է երկարատև ընտանեկան բռնության մթնոլորտում: Ըստ նրա` վտանգ կար, որ նախաքննության մարմինները նրբերանգները հաշվի չի առնի, քանի որ շատ են եղել դեպքեր, երբ ընտանեկան բռնության զոհ կանայք են եղել, իսկ այս անգամ փաստորեն կինը զոհվելու փոխարեն սպանել էր բռնարարին:
«Ներկայումս նախաքննության մարմնի գործառույթները գնահատում եմ շատ բարձր որակի, քանի որ հաշվի է առել այն բոլոր նրբերանգները, որոնք դրդել են կնոջը նման քայլի: Միևնույն ժամանակ կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, որը հնարավորություն կտա նախաքննության մարմնին ավելի հանգիստ իրավիճակում աշխատել, քանի որ կինը հուզական շատ բարձր վիճակում է գտնվել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ նրա` տարբեր շերտերի աշխատանքը նպաստեց, որ գործը ավելի խորությամբ քննվի: Նա նշեց, որ կինը գտնվում է ոստիկանության հսկողության ներքո, ոստիկանությունը նրա անվտանգությունը պահպանում է, քանի որ քրեական հեղինակության սպանություն է և կարող են խառնված լինել տարբեր հետաքրքրված շերտեր` հաշվեհարդարի համար:
Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք քննչական կոմիտեի հետ են աշխատում, որ կնոջը և երեխաներին հոգեբանի մասնագետի աջակցություն ցուցաբերվի: «Ակնհայտ է, որ երեխաները բազմիցս եղել են նման տեսարանի ականատես, միևնույն ժամանակ, ենթադրելով լուսանկարներից, տանը երկարատև ծեծկռտուք է տեղի ունեցել տարբեր մասերում և հնարավոր չէ, որ երեխաները խուսափեին այդ տեսարանները տեսնելուց»,-ասաց նա և նշեց, որ մասնագիտորեն աշխատանքը ընթացքի մեջ է:
Նա նշեց, որ ըստ ականատեսների պատմածի` երեխաները հուզական վիճակում են և նրանցից մեկը գլխուղեղային անբուժելի հիվանդություն ունի, որը կարող է ավելի հուզական դարձնել նրան:
«Քրեական աշխարհի մարդկանց ընտանիքները դրանք բռնի տիրույթում ապրող ընտանիքներ են, սակայն կանայք ոչ միշտ են բարձրաձայնում այդ մասին, քանի որ նրանք բավարար պաշտպանություն չեն ստանում: Որպես կանոն քրեական աշխարհ-ոստիկանություն սերտաճած կառույցներ են և ոստիկանությունը ևս բավարար մեխանիզմներ չունի ընտանեկան բռնության զոհերի պաշտպանությունը կազմակերպելու համար: Միևնույն ժամանակ այդ կանայք լավ գիտեն, որ քրեական աշխարհի հետ կապեր ունեցող ամուսիններից գրեթե պրծում չկա»,-ասաց նա և նշեց, որ կան ընտանեկան բռնության զոհեր, որոնք սպանվել են իրենց նախկինն ամուսնների կողմից, անգամ ամուսնալուծությունից հետո:
Իրավապաշտպանը գտնում է, որ այս դեպքից հետո համապատասխան մարմինները պետք է իրենց եզրակացությունը անեն:
Հիշեցնենք, որ Մայիսի 25-ին, ժամը 00.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գուգարք գյուղում`«Ճաճոյի Էդոյի» տանը, դի կա:
Մեկնած օպերատիվ խումբը Գուգարք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մուտքի աստիճանահարթակի մոտ հայտնաբերվել է նշված տան բնակիչ, 1983 թ. ծնված Տիգրան Մարտիրոսյանի դիակը` բազմաթիվ հրազենային վնասվածքներով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեպքի վայրում Տ. Մարտիրոսյանի կինը` 1985 թ. ծնված Լիանա Կ.-ն, հայտարարել է, որ նույն օրը ամուսնու հետ վիճաբանության ժամանակ, ամուսնու մոտ գտնվող ատրճանակից, ինքն է կրակոցներ արձակել նրա ուղղությամբ և սպանել: Դեպքի վայրի զննության ժամանակ Լիանա Կ.-ն ներկայացրել է «Մակարով» ատրճանակը:










