«Ալֆա-բանկը» հայց է ներկայացրել Buzzfeed-ի դեմ «Թրամփի ռուսական դոսյեի» պատճառով
Ռուսական «Ալֆա-բանկ»-ի համասեփականատերեր Պյոտր Ավենը, Միխաիլ Ֆրիդմանը և Գերման Խանը Նյու Յորքում զրպարտության համար հայց են ներկայացրել ամերիկյան Buzzfeed-ի դեմ, ով հունվարի 10-ին հրապարակել է աղմուկ հանած «Թրամփի դոսյեն», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ դոսյեն պարունակում է չհիմնավորված պնդումներ և մի շարք սխալներ, մասնավորապես «Ալֆա-բանկը» գրված է եղել որպես Alpha Group, չնայած ճիշտ անվանումը Alfa Group է:
Հայցը ներկայացվել է Նյու Յորքի նահանգի գերագույն դատարանի Մանհեթենի մասնաճյուղ:
Հայցը ներկայացվել է ոչ միայն Buzzfeed ինտերնետային ընկերության, այլև դրա գլխավոր խմբագիր Բեն Սմիթի, լրագրող Քեն Բենսինգերի և խմբագիրներ Միրիամ Էլդերի և Մարկ Շուֆսի դեմ:
35-էջանի դոսյեն հրապարակվել է կայքում Բենսինգերի ուղեկցող հոդվածի հետ միասին, որը վերնագրված է եղել «Այս նյութերի հեղինակները պնդում են, որ Թրամփը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ»:
Թրամփը և նրա շրջապատը բազմիցս հերքել են «դոսյե»-ում ներկայացված տեղեկությունները՝ դրանք անվանելով ամբողջովին հորինված:
Հայցվորների խոսքերով՝ Buzzfeed-ի հրապարակումից կարելի է ենթադրել, որ «Ալֆա-բանկը» և բանկի անձնակազմը համագործակցել են ամերիկյան ընտրություններին միջամտելուն ուղղված Կրեմլի իրականացրած արշավի հետ: Կայքը նաև «դոսյե»-ից պնդում է մեջբերում այն մասին, որ «Ֆրիդմանը և Ավենը մինչ այժմ ոչ պաշտոնապես խորհուրդներ են տրամադրում Պուտինին, հատկապես ԱՄՆ-ից հարցով»:










