Ռուսաստանում դատարանը դեռահասի վրա հարձակված առյուծին հայ սեփականատիրոջից վերցնելու որոշում է կայացրել

15:05 • 29.05.17

ՌԴ Սարատովի մարզի Էնգելսի շրջանային դատարանը երկուշաբթի տեղի բնակչից առյուծին վերցնելու որոշում է կայացրել, որն ավելի վաղ հարձակվել էր 15-ամյա դեռահասի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Առյուծի հարձակումը դպրոցականի վրա տեղի էր ունեցել Էնգելս քաղաքում ապրիլի 24-ին: Տղան տեղափոխվել էր հիվանդանոց, նա ստացել էր թեթև քերծվածքներ: Քաղաքի դատախազությունը դատարանով պահանջել է առգրավել կիսաազատ պայմաններում գտնվող Մայա մականունով առյուծին իր հայ սեփականատեր Եղիշ Երոյանից:


«Դատարանը որոշել է արգելել Երոյանին տանն առյուծ պահել և առգրավել է այն… Դատարանի որոշումը ենթակա է անհապաղ կատարման»,- ասել է դատավոր Նատալյա Սավենկովան:


«Վայրի կենդանուն ման էին տալիս փողոցում, ինչը չի համապատասխանում սանիտարական նորմերին և անվտանգության կանոններին»,- ТАСС լրատվամիջոցին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:


Այժմ առյուծին կարող են ուղարկել Սարատովին ամենամոտ գտնվող Պենզա քաղաքի կենդանաբանական այգի: