Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 30 չվերթ. ուղևորները բողոքի ակցիա են կազմակերպել «Դոմոդեդովոյում»
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 30 չվերթ, հայտնում է gazeta.ru-ն: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 21 չվերթ, ևս 6-ը չեղյալ է հայտարարվել: «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 10 չվերթ:
Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի տեղեկություններով՝ Մոսկվայի մարզում և Կենտրոնական դաշնային շրջանի մի քանի մարզերում հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ՝ ուժեղ քամու և կայծակների պատճառով:
Lenta.ru-ն հայտնում է, որ «Վիմ-Ավիա» ռուսական ավիաընկերության ուղևորները բողոքի ակցիա են կազմակերպել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ չվերթների զանգվածային ուշացումների պատճառով: Ուղևորները փակել են «Դոմոդեդովոյի» սպասասրահներից մեկը և արգելափակել տեղեկատվական կետերը: Նշվում է, որ հետաձգվել են ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթներ: Առավել շատ ուշացումը տևել է դեպի Թուրքիա և Կիպրոս չվերթների դեպքում:
Ուղևորների համաձայն՝ ուշացումների պատճառն ավիափոխադրողի ներկայացուցիչներն իրենց չեն բացատրել: Ենթադրաբար, դա տեղի է ունեցել ինքնաթիռներից մեկի անսարք լինելու պատճառով: Ուղևորներին տրամադրել են ջուր և սննդի կտրոններ, ընդ որում՝ հյուրանոցներում տեղավորել են միայն քչերին, մյուսները ստիպված են եղել գիշերել օդանավակայանում:
Կիրակի՝ մայիսի 28-ին, հետաձգվել են տարբեր ուղղություններով «Վիմ-Ավիա»-ի չվերթները: Առավելագույն ուշացումները տեղի են ունեցել Կիպրոսի Լառնակա քաղաքից՝ 11 ժամ, և Անթալիայից՝ 13 ժամ:










