Քաղցած մարդիկ հապշտապ որոշում են կայացնում. պաղեստինցի դատավորն արգելել է ամուսնալուծվել Ռամադանի ժամանակ
Պաղեստինցի դատավորն արգելել է ամուսնալուծվել մուսուլմանների համար սրբազան համարվող Ռամադան ամսվա ընթացքում՝ պատճառաբանելով, որ քաղցած ժամանակ մարդիկ հապշտապ որոշումներ են կայացնում:
Ինչպես նշում է The Independent-ը, Պաղեստինի իսլամական շարիաթի դատական համակարգի ղեկավար Մահմուդ ալ Հաբաշը նշել է, որ Ռամադանի ընթացքում մարդիկ ցերեկվա ժամերին զրկում են իրենց սննդից, ծխախոտից, ինչի պատճառով էլ նյարդային են դառնում ու անձնական կյանքին առնչվող հարցերում հապշտապ որոշումներ են կայացնում:
Նման որոշումներից խուսափելու համար դատավորն արգելել է ամուսնալուծվել Ռամադանի ընթացքում: Նշվում է, որ սրբազան ամսվա ընթացքում ներկայացված ամուսնալուծության հայցերը կքննվեն միայն Ռամադանից հետո:
Աղբյուրը մանրամասնում է, որ Պաղեստինում ամուսնալուծություններն իրականացվում են կրոնական դատարանների որոշմամբ:
Նշվում է նաև, որ Ռամադանի ընթացքում մուսուլմանները պահք են պահում արևածագից մինչ մայրամուտ՝ հրաժարվելով սննդից, ջրից, ծխախոտից ու սեռական հարաբերություններից:










