ԱՄՆ իշխանությունները մտածում են միջազգային ավիաչվերթներում նոթբուքերի անցկացման արգելքի մասին

10:12 • 29.05.17

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ դիտարկվում է բոլոր միջազգային չվերթների ինքնաթիռների սրահներ նոթբուքերի անցկացման արգելք սահմանելու հնարավորությունը:


«Ես կարող եմ (սահմանել այդ արգելքը): Կա իրական խնդիր՝ ավիացիային ուղղված բազմաթիվ սպառնալիքներ: Դա այն է, ինչով համակված են ահաբեկիչները՝ օդում ինքնաթիռ կործանելու գաղափարով, հատկապես, եթե դա ամերիկյան ինքնաթիռ է, որում ԱՄՆ քաղաքացիներ են»,- ասել է Քելին:


Մայիսի 16-ին ամերիկյան ABC հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը կիսվել է ուղևորատար ինքնաթիռ պայթեցնելու «Իսլամական պետության» ծրագրերի մասին գաղտնի տեղեկատվությամբ: Լրագրողների խոսքերով՝ տվյալները ստացվել են ահաբեկիչների մոտ հայտնված իսրայելցի հետախույզից: ABC-ն նշել է, որ այդ առնչությամբ ԱՄՆ-ում սկսել են մտածել թռիչքների անվտանգության ուժեղացման, մասնավորապես՝ Եվրոպայից բոլոր չվերթների ինքնաթիռների սրահներում նոթբուքեր տեղափոխելու արգելքի մասին: