«Մեր քսակը միշտ էլ բաց է», «որևէ բան չունեմ դատարկելու». գործարարների արձագանքը ԱԺ փոխխոսնակի հայտարարությանը
Երեկ Լոռիում, որտեղ նշվում էր Ղարաքիլիսայի հերոսամարտի 99-րդ տարեդարձը, խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ 20-րդ դարի մեծագույն հայերից մեկը` Գարեգին Նժդեհը, ճշմարտացիորեն նշել է, որ Ղարաքիլիսայի եռօրյա գոյամարտը կյանք տվեց ոչ միայն արևելահայությանը, այլև ողջ հայոց հանրապետությանը:
«Հայ մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի: Եթե մենք գնանք այդ ճանապարհով, կունենանք հզոր Հայաստան»,-նշել է նա:
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, լսելով ԱԺ փոխխոսնակի հայտարարության մասին, ասաց. «Մեր քսակը միշտ էլ բաց ա, ինչ ա՝ Շարմազանովի հայտարարությա՞նը պիտի սպասեինք»։
Սամվել Ալեքսանյանն ընդգծեց, որ հայտարարության մասին երկար խոսել չի ցանկանում:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի ընկերության սեփականատեր Հակոբ Հակոբյանն էլ ընդգծեց, որ Էդուարդ Շարմազանովը հենց այնպես հայտարարություն չէր անի:
«Ով նման բան է ասում, ուրեմն մի բան ունի դատարկելու կամ ինչ-որ մեկին գիտի, որ պիտի դատարկի։ Ես դատարկելու որևէ բան չունեմ, ես միշտ օգնել եմ մեր ժողովրդին»,-մանրամասնեց նա:
Հակոբ Հակոբյանի դիտարկմամբ՝ ամեն ինչ չէ, որ պետք է գումարի հետ կապել:
«Ես միշտ ասել եմ, որ անկախ նրանից՝ փող ունի, թե չէ, յուրաքանչյուր հայ պարտավոր է իր երկրին օգնել՝ երկիրը մաքուր պահելով էլ պետք է օգտակար լինել, միայն գումար տալով չէ»,-շեշտեց նա:
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի գործարար պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշերի Մելո) Շարմազանովի հայտարարությունը լսելուց հետո ժպտաց, կատակեց. «Ես քսակ չունեմ, որ դատարկեմ»։
Նա նաև ընդգծեց, որ քսակ ասելով՝ տարբեր բաներ կարելի է հասկանալ։
«Հանուն Հայաստանի էնքան բան եմ անում. մեր գործարանը 1000 գործարանների մատակարարում է, սպասարկում է, շատ աշխատատեղեր ունենք»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրն իր ունեցածի չափով Հայաստանին պիտանի է լինում:










