Ունենք փորձ ու գիտելիքներ, բայց միշտ էլ պատրաստ ենք սովորել. Արարատի մարզպետը` մարզպետների համար դասընթացների մասին
Մենք ունենք փորձ ու գիտելիքներ, բայց եթե պետք է ավելացնել, միշտ էլ պատրաստ ենք սովորել, ինչի՞ մասին է խոսքը. Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականին՝ Ամերիկյան համալսարանում մարզպետների համար արդյունավետ կառավարման վերաբերյալ նախատեսված դասընթացների մասնակցելու համար:
«Յուրաքանչյուր քաղաքացի միշտ էլ կրթվելու, սովորելու կարիք ունի, անկախ նրանից 60 տարեկան է, թե 70, եթե անհրաժեշտություն է սովորել, ուրեմն պետք է սովորել, ինչ-որ մենք գիտեք, եթե կլինեն մարդիկ, ովքեր ավելին մեզ կսովորեցնեն, ուրեմն շատ բարի, ավելի լավ»,-ասաց մարզպետը:
Միաժամանակ մարզպետը հավելեց, թե չի կարծում, որ այստեղ գիտելիքի կամ փորձի մասին է խոսքը: «Կարծում եմ ընդհանուր, որպեսզի մենք պատկերացում ունենանք ամբողջ աշխարհի հետ կապված, թե յուրաքանչյուր երկրում ինչ ձևաչափով են գործունեություն իրակացնում, կարծում եմ հենց դրա մասին են ներկայացնելու, որ մոտավոր պատկերացում ունենանք, թե դրսում ինչ ձևաչափով են աշխատում»,-ասաց նա:
Անդրադառնալով մարզի խնդիրներին և վարչապետի մեկ այլ՝ 5-ամյա ծրագիր կազմելու և խնդիրների առաջնահերթություններ նշելու հանձնարարականին, Արամայիս Գրիգորյանը նշեց, որ իհարկե արդեն առաձնացրել են որոշ խնդիրներ: «Համար առաջին խնդիր դրել ենք, որ ամեն մի համայնք ունենա իր անձնագիրը, որտեղ ներառված կլինի համայնքի ամբողջ պատկերը, և ըստ դրա՝ մենք կկարողանանք Կառավարության 5-ամյա ծրագրերը, որ ներկայացրել ենք , նաև մեր ծրագրերն այդ ընթացում իրականություն դարձնել և կարճ ժամանակ հետո որոշակի տարբերություններ կտեսնենք համայնքների առումով»,-ասաց նա:










