Իվետա Տոնոյանը չի բացառում, որ մանդատից հրաժարված պատգամավորներին կփոխարինեն Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը, Հակոբ Նազարյանը (տեսանյութ)
ԿԸՀ նիստ պետք է տեղի ունենա, կհայտարարվեն պատգամավորական մանդատ ստացած նոր անձանց անունները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Նրանք կհրավիրվեն ԿԸՀ, կստանան մանդատները և կանցնեն համապատասխան աշխատանքի»,-մանրամասնեց նա։
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը չի բացառում, որ դաշինքի՝ ինքնաբացարկ հայտնած պատգամավորների մանդատները կվերցնեն Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը և Հակոբ Նազարյանը:
«Ըստ հերթականության՝ Հարություն Ղարագյոզյանին ռեյտինգային ցուցակում հաջորդում է Կարեն Առաքելյանը, իսկ Խաչիկ Մանուկյանին՝ Լյովա Խաչատրյանը, որոնք ևս ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել»,-մանրամասնեց նա:
Նա նաև անդրադարձավ հարցին, թե ինչպես է Գևորգ Պետրոսյանն աշխատելու խմբակցությունում, եթե Նաիրա Զոհրաբյանի հետ խնդիրներ ուներ, դատարան էր դիմել:
«Բազմիցս խոսվել է այդ մասին, բոլոր խնդիրները հարթված են, եղել է թյուրըմբռնում, բայց հիմա ամեն ինչ նորմալ է: Մենք ակնկալում ենք արդյունավետ, կառուցողական աշխատանք «Ծառուկյան» դաշինքում: Ամեն ինչ կարգին է, մի՛ անհանգստացեք», – ասաց Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօր հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքի 3 պատգամավորներ՝ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանն ու Արտյոմ Ծառուկյանը վայր են դնում պատգամավորական լիազորությունները. Նրանք դեռ նախորդ նիստի ժամանակ էին ինքնաբացարկ հայտնել և դիմումները հետ չեն վերցրել։










