Ճապոնիայում ոտքերով կառավարվող ռոբոտ ձեռքեր են ստեղծվել (տեսանյութ)
Ճապոնական «Ինամի Հիյամա» լաբորատորիայի գիտնականները մշակել են MetaLimbs մանիպուլյատորը. երկու ռոբոտացված ձեռք ամրացվում է մարդու մեջքի հետևում և կառավարվում ոտքերով: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ լրացուցիչ վերջույթների դիրքը կարելի է կառավարել օգտատիրոջ ոտքին տեղադրված սենսորների միջոցով: Սենսորներ տեղադրվում են նաև ոտքերի մատների վրա, ինչը թույլ է տալիս սեղմել և բացել ռոբոտի մատները:
Նշվում է, որ նախատեսված է նաև հետադարձ կապ. որևէ առարկայի դիպչելու դեպքում սարքը դիպչում է ոտքին՝ այս կերպ փոխանցելով տակտիլ զգացողություններ:
Գիտնականների մտադրության համաձայն՝ MetaLimbs-ը պետք է օգնի մարդկանց տարբեր խնդիրներ իրականացնելու հարցում: Սարքը պլանավորվում է ներկայացնել Siggraph 2017 գիտաժողովի ժամանակ, որը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը Լոս Անջելեսում:












