Bosch-ը «խելացի» ավտոմեքենայի կոնցեպտ է ներկայացրել
Գերմանական Bosch ընկերությունն ավտոմեքենայի կոնցեպտ է ստեղծել, որն օգտատիրոջն առաջարկում է ինտուիտիվ կառավարում, ինքնավար վարում և համացանցի միջոցով մշտական կապ շրջակայքի հետ: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ առաջին հերթին շոու-քարը ցուցադրում է փոխադրամիջոցն ամբողջովին վարորդի պահանջներին համապատասխանեցնելու հնարավորությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդական տեսախցիկն անմիջապես ճանաչում է վարորդի դեմքը, իսկ համակարգն ինքնուրույն կարգավորում է ղեկի և հայելիների դիրքը, ինչպես նաև՝ սրահի ջերմաստիճանը՝ համապատասխան վարորդի անհատական նախընտրություններին:
Ավտոմեքենան նաև կարող է փոփոխել դիսփլեյի գունային սխեման, ավտոմատ կերպով բեռնել հանդիպումների օրացույցը և սիրելի երաժշտությունը, ինչպես նաև արտապատկերել նշանակման վայրի երթուղին, որը վարորդը նշել է տնից:










