Մեծ արգելախութն այլևս հնարավոր չէ վերականգնել. գիտնականներ (լուսանկարներ, տեսանյութ)
Բնության հրաշալիքներից մեկը համարվող Մեծ արգելախութը, որն անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով անցած տարվանից սկսել է գունաթափվել, այլևս հնարավոր չէ փրկել, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նման եզրակացության են հանգել գիտնականները:
Մասնագետների համաձայն՝ մարջանների գունաթափումը, որը գլոբալ տաքացման հետևանք է, շատ ավելի մեծ վնաս է պատճառել էկո համակարգին, քան իրենք մինչ այս մտածում էին:
Համաշխարհային ոչ մշակութային տեսարժան վայրերի ցանկում ներառված արգելախութը, որը ձգվում է 2.300 կմ, իր պատմության ընթացքում առաջին անգամ է նման մասշտաբների գունաթափման բախվում: Ներկայում Մեծ արգելախութի 29%-ը գունաթափվել է, մինչդեռ մասնագետների կանխատեսումներն ամենևին էլ լավատեսական չեն:
Գիտնականների պնդմամբ՝ գունաթափման տեմպը թուլացնելու համար հարկավոր է կրճատել ջերմոցային գազերի արտանետման ծավալը:
Աղբյուրը մանրամասնում է, որ արգելախութը կազմող մարջանների ներսում ապրում են դրանց սնող գունավոր ջրիմուռներ: Երբ ծովի ջրի ջերմաստիճանը բարձրանում է, մարջանները դուրս են հանում գունավոր ջրիմուռները, ինչի հետևանքով դրանք գունաթափվում են: Այնուհանդերձ՝ մարջանների գույնը հնարավոր է վերականգնել, եթե ջրի ջերմաստիճանն ընկնի, ու ջրիմուռները նորից կարողանան բնակվել դրանց մեջ: Սակայն այդ գործընթացի համար տասնամյակներ կպահանջվեն:






Նախքան գունաթափումը












