Ամերիկյան քաղաքները Թրամփին պաշտոնանկ անելուն ուղղված բանաձևեր են ընդունում. Politico
ԱՄՆ-ում ավելանում է քաղաքների թիվը, որոնց իշխանությունները կողմ են, որպեսզի Կոնգրեսը պաշտոնանկության գործընթաց (իմպիչմենթ) սկսի գործող նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ:
Ինչպես նշում է Politico-ն, ընդհանուր առմամբ, պաշտոնանկության գործընթացի կողմնակից քաղաք-բնակավայրերի թիվը հասել է 10-ի: Նման կոչով հանդես եկած վերջին քաղաքը Մասաչուսեթսում գտնվող Բրուքլայնն է, որի իշխանություններն ընդունել են նախագահի պաշտոնանկության գործընթացը սկսելուն վերաբերող բանաձև: Փաստաթղթի ընդունումը հնարավորություն կտա քաղաքային իշխանություններին ճնշել իրենց նահանգից ընտրված կոնգրեսականներին արդեն Կոնգրեսում նման գործընթաց սկսելու համար: Աղբյուրը մանրամասնում է, որ Մասաչուսեթսի Քեմբրիջ, Ամհերսթ, Փելհեմ և Լևերեթ քաղաքներն արդեն նման բանաձև ընդունել են:
Politico-ն նկատում է, որ հակաթրամփյան տրամադրությունների մեկ այլ թեժ կետ է Կալիֆորնիա նահանգը: Մասնավորապես՝ Լոս Անջելեսի, Ռիչմոնդի, Ալամիդայի և Բերքլիի քաղաքային խորհուրդները մայիսի սկզբին ընդունել են բանաձևեր, որոնք պահանջում են նախագահի պաշտոնանկության գործով համապատասխան լսում սկսել:
Նշվում է, որ քաղաքային իշխանությունների՝ նախագահի պաշտոնանկության գործընթացը սկսելուն ուղղված քայլերն աննախադեպ չեն ԱՄՆ պատմությունում: Ավելի վաղ՝ 2006թ., Վերմոնտ նահանգի մի շարք քաղաքներ, ինչպես նաև նահանգային սենատն ընդունել են բանաձևեր՝ պահանջելով նախագահ Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնանկությունը:
Հայտնի է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պաշտոնանկ է արել ԱՄՆ 2 նախագահի՝ Էնդրյու Ջոնսոնին ու Բիլ Քլինտոնին:










