Սիրիայում անվտանգության գոտիների շուրջ աշխատանքին ԱՄՆ-ի մասնակցությունն արդյունավետ կլիներ. Լավրով
Սիրիայում անվտանգության գոտիների պարամետրերը համաձայնեցնելու շուրջ աշխատանքին ԱՄՆ-ի միանալն արդյունավետ կլիներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսական ռազմատիեզերական ուժերի և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի միջև աշխատանք է տարվում ոչ կանխամտածված միջադեպերը կանխելու համար նախկինում ստեղծված կապի ալիքի շրջանակում: Բայց, իհարկե, գործն ավելի արդյունավետ կլիներ, եթե իր օրակարգով այդ բավականին սահմանափակ ալիքից բացի ԱՄՆ-ն համաձայներ միանալ անվտանգության գոտիների պարամետրերի համաձայնեցմանն ուղղված աշխատանքին»,- հայտարարել է Լավրովը:
Նա նշել է նաև, որ այդ գոտիների պարամետրերի համաձայնեցումը շարունակվում է:
«Այդ աշխատանքի արդյունքները կներկայացվեն Աստանայի ձևաչափով մասնակիցների հերթական հանդիպմանը, որը պետք է կայանա շուտով»,- հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Աստանայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև հուշագիր է ստորագրվել: Հուշագիրը ենթադրում է Սիրիայի տարածքում դեէսկալացիոն գոտիների ստեղծում:










