Նախնական տվյալներով՝ Մոսկվայում փոթորկի հետևանքով զոհվածների և տուժածների մեջ հայեր չկան

10:41 • 30.05.17

Մոսկվայում փոթորիկի հետևանքով 11 մահացածների և 70-ից ավելի տուժածների մեջ հայեր չկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց TACC լրատվական գործակալության թղթակից Վահե Ավանեսյանը:

«Տուժածների ցուցակը դեռ վերջնական չէ, բայց այս պահի դրությամբ ճշտված մարդկանց ցուցակում հայեր չկան»,- հայտնեց Ավանեսյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ևս Tert.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։ «Այս պահին հայ զոհերի մասին տեղեկություն չկա»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ փոթորիկը խլել է 11 մարդու կյանք, ևս 70-ը լուրջ տուժել է: Ըստ Մոսկվայի առողջապահության վարչության ղեկավար Ալեքսեյ Խրիպունի՝ փոթորկից հետո հոսպիտալացվել է մոտ 150 մարդ, նրանցից 108-ը մնում են բուժհաստատություններում։ 

Քաղաքապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ տարերային աղետի հետևանքով տապալվել է մոտ 3.500 ծառ: Բացի այդ, փոթորիկը վնասել է ավտոմեքենաները, էլեկտրափոխանցման լարերն ու երկաթուղային ճանապարհները: