Մոսուլից Իրաքի վարչապետը հայտարարել է ԻՊ-ի դեմ «շատ շուտով» հաղթանակ տանելու մասին

10:05 • 30.05.17

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին Մոսուլում հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ շատ շուտով հաղթանակ տանելու մասին: Այդ հայտարարությունն Իրաքի բանակի գլխավոր հրամանատարն արել է երկուշաբթի Մոսուլում քաղաքից գրոհայինների հեռացման արշավի հրամանատարի հետ հանդիպման ժամանակ, գրում է ТАСС-ը՝ «Աս-Սումարիա» հեռուստաալիքին հղումով։


«Մեր հերոսների ջանքերի շնորհիվ շատ շուտով կհայտարարվի հաղթանակի մասին»,- ասել է նա՝ նշելով, որ գործողությունը վերջնական փուլում է:


Դրա հետ մեկտեղ՝ նա դիմել է հարևան պետություններին՝ պահանջելով «հարգել Իրաքի ինքնիշխանությունը» և «հրաժարվել երկրի գործերին միջամտությունից»:


Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, բանակի հատուկ նշանակության ջոկատները, ՆԳՆ արագ արձագանքման ուժերը և Իրաքի դաշնային ոստիկանությունն ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ շաբաթ սկսել են Մոսուլի արևմտյան հատվածում ԻՊ-ի վերջին հենարանների գրոհը: Ահաբեկիչների հսկողության տակ է գտնվում երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի տարածքի 5 տոկոսը: