ԱՄՆ-ում պոնիները շքերթի ժամանակ ոտնատակ են տվել 3 մարդու (լուսանկարներ, տեսանյութ)

12:38 • 30.05.17

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում անցկացված շքերթի ժամանակ պոնիները դադարել են ենթարկվել իրենց տիրոջ հրամաններին և վազելով մտել են մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով լուրջ վնասվածքներ են հասցրել երեք մարդու: Այս մասին հայտնում է ABC-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Հիշատակի օրվան նվիրված շքերթի ժամանակ: Ենթադրվում է, որ կենդանիների նման պահվածքի պատճառ կարող էր դառնալ հրավառությունը, ինչպես նաև դեպի իրենց կողմ երեխաների նետած թենիսի գնդակներից վախենալը:

Ոստիկանության համաձայն՝ չնայած կենդանիներին փորձել են կանգնեցնել, պոնիներով սայլն այնուամենայնիվ մխրճվել է ամբոխի մեջ:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժել է երեք մարդ, որոնցից երկուսը՝ 77-ամյա տղամարդը և 9 տարեկան տղան, տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպից հետո պոնիներն ուղարկվել են անասնաբույժի մոտ:

Հայտնի է, որ ԱՄՆ-ում Հիշատակի օրը հարգանքի տուրք է մատուցվում մարտի դաշտում զոհված բոլոր ամերիկացիներին:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Իրաքի և Աֆղանստանի պատերազմներում զոհված ամերիկացի զինվորների գերեզմանները: Հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելու համար Թրամփը ժամանել է Արլինգտոնի ազգային հուշահամալիր, որը գտնվում է Վաշինգտոնի նույնանուն արվարձանում: