Պատմության խոշորագույն տանկերը` տեսանյութով (տեսանյութ)
YouTube-ի RealLifeLore ճանաչողական ալիքը տեսանյութ է հրապարակել և պատմել աշխարհի խոշոր տանկերի մասին, որոնք երբևէ կառուցվել կամ նախագծվել են: Ալիքի կազմած ցուցակում ներառվել են համաշխարհային պատերազմների ժամանակների մարտական մեքենաները, ինչպես նաև ժամանակակից M1 Abrams-ը, որը մշակվել է ԱՄՆ-ում և արտադրվում է 1980 թվականից:
Տեսանյութի հեղինակների համաձայն՝ ամերիկյան մեքենան 62 տոննա քաշ ունի, ինչը հավասար է 2016 թվականին թողարկված Toyota Corolla մակնիշի 49 ավտոմեքենայի քաշին: Դրա անձնակազմը բաղկացած է չորս մարդուց։ Չափերով այն զիջում է ֆրանսիական Char 2C գերծանր տանկին, որի մեջ տեղավորվել է 12 մարդ: Այս տանկի երկարությունը եղել է 10,27 մետր, լայնությունը՝ 3 մետր, իսկ քաշը՝ 69 տոննա: Այն նախագծվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում: Ընդհանուր առմամբ, կառուցվել է 10 այսպիսի մեքենա:
Հեղինակները նաև պատմել են, որ միևնույն ժամանակ Գերմանիայում նախագծվել է K-Wagen գերծանր տանկը, որի կառուցումը չի հասցվել ավարտին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանացի ինժեներները ստեղծել են մեկ այլ գերծանր տանկ. կառուցվել է ռեկորդային 188 տոննա քաշով Maus-ի ընդամենը մի քանի նմուշ, որոնք չեն մասնակցել ռազմական գործողությունների:
Lenta.ru-ն գրում է, որ բոլոր նախագծված «հրեշ» տանկերի ռեկորդակիր է դարձել 1000 տոննա քաշով և 39 մետր երկարությամբ «Առնետ» մեքենան: Այն այդպես էլ չի կառուցվել տեխնոլոգիաների և սարքավորումների բացակայության պատճառով: Դրանից բացի, այն խոցելի է եղել ավիացիոն ռումբերի համար:










