Բեռլուսկոնին շարժում է ստեղծել ի պաշտպանություն կենդանիների

00:57 • 31.05.17

Ընտրողների աջակցությունը ստանալու նպատակով Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հատուկ շարժում է ստեղծել՝ ի պաշտպանություն կենդանիների:


Ինչպես հայտնում է Le Matin-ը, նոր կուսակցությունը ոչ աջ է, ոչ ձախ, ոչ էլ կենտրոնամետ: Այն միայն կենդանիներին պաշտպանելու համար է ստեղծված:

Իր 80 տարեկան հասակում անգամ իտալացի միլիարդատերը չի դադարում զարմացնել և զվարճացնել: Ինչպես ինքն է ասել, քաղաքականությունը վարակ է, որը վարակում է գործիչներին մինչև իրենց մահը:

Քանի որ սկանդալային վարչապետը տանը շներ, այծեր և հորթեր է պահում, իր խոսքով դեռ վաղուց է մտածել նմանատիպ կուսակցություն ստեղծել, որը կպաշտպանի բոլոր կենդանիների իրավունքները:

Ըստ մասնագետների՝ Բեռլուսկոնիի այս քայլը շատ ճիշտ և գրագետ է մտածված, քանի որ այն կարող է գրավել ընտրողների 20 տոկոսից ավելի ուշադրությունն ու ձայները, ինչը բավական է նրան քաղաքական դաշտ վերադարձնելու համար:

Իտալիայում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թվականի գարնանը, ուստի նախկին քաղաքական գործիչն ուղիղ մեկ տարի ունի իր տրամադրության տակ նպատակին հասնելու համար: