Sotheby's-ը կարող է 4 մլն դոլարով վաճառել Լուսնից բերված փոշին (լուսանկարներ)
Բրիտանական Sotheby's աճուրդի տունը պատրաստվում է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի կողմից 1969թ. իրականացված «Ապոլոն-11» լուսնային առաքելության՝ Երկրի բնական արբանյակի վրա վայրէջքի օրվա առթիվ թեմատիկ վաճառք կազմակերպել:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, հուլիսի 20-ին կայանալիք աճուրդի ժամանակ վաճառքի կհանվեն բազմաթիվ նմուշներ, որոնց շարքում աղբյուրն առանձնացնում է Լուսնից տոպրակով բերված փոշին, ինչպես նաև տիեզերագնաց Բազ Օլդրինի՝ Երկրի բնական արբանյակի վրա արված լուսանկարը: Հայտնի է, որ Օլդրինը Լուսնի վրայով քայլած 2-րդ մարդն է աշխարհում:
Ըստ փորձագետների կանխատեսման՝ լուսնային փոշին կարող է վաճառվել 4 մլն, իսկ լուսանկարը՝ 3.000-5.000 դոլարով:
Հայտնի է, որ «Ապոլոն-11» լուսնային առաքելության շրջանակում (1969թ. հուլիսի 20) Լուսնի վրա վայրէջք են կատարել ամերիկացի տիեզերագնացներ Նեյլ Արմսթրոնգն ու Բազ Օլդրինը։ Արմսթրոնգն առաջինն է ոտք դրել Լուսնի մակերևույթի վրա ու մոտ երկու ժամ մնացել է այնտեղ, մինչդեռ Օլդրինը՝ մի քիչ պակաս։ Նրանք միասին հավաքել են լուսնային նյութեր՝ Երկիր բերելու համար։











