ԱՄՆ-ում հաշմանդամի սայլակ է ստեղծվել, որը թույլ է տալիս մարդուն ոտքի կանգնել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում տեղակայված Shirley Ryan AbilityLab հետազոտական հիվանդանոցում, որտեղ համագործակցում են բժիշկները, գիտնականները, նորարարները և տեխնոլոգները, հաշմանդամների համար նախատեսված սայլակ է ստեղծվել, որը կարող է փոխել տեղաշարժվելու հետ խնդիրներ ունեցող մարդկանց կյանքը: Նորույթին անդրադարձել է Tech Insider-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ձեռքով կառավարվող սայլակը հագեցած է ամրագոտիով, ինչը հեշտացնում և անվտանգ է դարձնում տեղաշարժը: Սակայն սա նորույթի միակ առանձնահատկությունը չէ. այն հնարավոր է փոխակերպել՝ բացելով և հարմարեցնելով կանգնած վիճակում տեղաշարժվելուն:
Տեսանյութում երևում է, որ ոտքերի համար նախատեսված գոտիների միջոցով կարելի է կապել վերջույթները՝ այսպիսով ապահովելով դրանց անվտանգությունը: Այս հատկությունը մարդկանց հնարավորություն է տալիս ավելի հեշտ հասնել դարակներին և պահարաններին և պարզապես վայելել տեղաշարժվելու հնարավորությունը:
Նշվում է, որ այժմ հաստատությունը սպասում է նորույթի համար արտոնագիր ստանալուն:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










