ԱՄՆ-ում օդանավարանից դուրս է հանվել աշխարհի խոշորագույն ինքնաթիռը (լուսանկարներ, տեսանյութ)

12:38 • 01.06.17

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մոհավե անապատում օդանավարանից առաջին անգամ դուրս է հանվել աշխարհի խոշորագույն տրանսպորտային ինքնաթիռը, որն ի վիճակի է կրող հրթիռ արձակել: Այս մասին հայտնում է Stratolaunch ընկերությունը, որը զբաղվում է ինքնաթիռի նախագծով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ինքնաթիռի թևերի բացվածքը 117 մետր է, քաշը՝ 230 տոննա, իսկ բարձրությունը՝ 15 մետր: Այն հագեցած է 28 անիվներով շասսիով, ընդ որում` փոխադրամիջոցի տեխնիկական բնութագրերը թույլ են տալիս տեղափոխել մինչև 250 տոննա բեռ:

Նշվում է, որ Stratolaunch ինքնաթիռը մտադիր են օգտագործել որպես օդային հարթակ Pegasus XL կրող հրթիռների արձակման համար: Դրանք բեռներ կհասցնեն Երկրի ցածր ուղեծիր: Առաջին փուլում ինքնաթիռը կկրի մեկ հրթիռ, սակայն ենթադրվում է, որ դրանց թիվը կհասնի երեքի:

Ընկերության գլխավոր կառավարիչ Ջին Ֆլոյդի խոսքով՝ մոտ ժամանակներս Մոհավեում կանցկացվեն ինքնաթիռի վերգետնյա փորձարկումներ, իսկ առաջին ցուցադրական արձակումը պլանավորվում է իրականացնել 2019 թվականին:

Հայտնի է, որ Stratolaunch-ը 2011 թվականին ստեղծել է Փոլ Ալենը՝ Microfost կորպորացիայի հիմնադիրներից մեկը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՄՆ-ում օդանավարանից դուրս է հանվել աշխարհի խոշորագույն ինքնաթիռը (լուսանկարներ, տեսանյութ)