Virgin Galactic-ը փորձարկել է SpaceShipTwo տիեզերանավը (լուսանկարներ)
Ամերիկյան Virgin Galactic ընկերությունն իրականացրել է Unity մոդելի SpaceShipTwo ենթաուղեծրային տիեզերանավի հերթական փորձարկումը: Այս մասին ասվում է ընկերության կայքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ փորձարկումների ընթացքում SpaceShipTwo-ն թռիչք է իրականացրել ԱՄՆ-ի Կալիֆոնիա նահանգի Մոհավե անապատում: Փորձարկումներն ավարտվել են տիեզերանավի փափուկ վայրէջքով. իջնելու պահին շարժիչները չեն գործարկվել:
Նշվում է, որ փորձարկումների ընթացքում բալաստային ցիստեռնից ջուր թափելու միջոցով նմանակվել է տիեզերանավի ծանրության կենտրոնի փոփոխությունը:
Հայտնի է, որ վերջին փորձարկումները դարձել են տիեզերանավի իններորդ թռիչքը: Virgin Galactic ընկերությունը մշակում է SpaceShipTwo տիեզերանավը ենթաուղեծրային զբոսաշրջային չվերթների համար (100 կմ-ից բարձր): Ապարատի մեկնարկն իրականացվում է WhiteKnightTwo կրողի միջոցով, որից Unity-ն հետագայում առանձնանում և ինքնուրույն վայրէջք է կատարում:












