Waymo-ն սկսել է ինքնակառավարվող բեռնատարներ փորձարկել
Ինքնակառավարվող ավտոմեքենաների համար տեխնոլոգիաների ստեղծմամբ զբաղվող Waymo ընկերությունը սկսել է փորձարկել ինքնակառավարվող բեռնատարներ, հայտնում է BBC-ն:
Waymo-ի այդ նախագիծը, որի մասին ընկերությունը նախկինում չի հայտնել, գնահատվում է որպես լուրջ մարտահրավեր Uber ընկերության համար, որը մեկ տարի առաջ գնել է ինքնակառավարվող բեռնափոխադրումների ոլորտում մասնագիտացած Otto ընկերությունը:
Այն մասին, որ Waymo-ն փորձարկում է ինքնակառավարվող բեռնատար, BuzzFeed News-ին հայտնի է դարձել լուսանկարից: Ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ լուսանկարում ներկայացված է ընկերության ինքնակառավարվող բեռնատարի դեռևս միակ թեստային մոդելը:
«Ինքնակառավարման տեխնոլոգիան թույլ կտա մարդկանց և բեռները շատ ավելի անվտանգ տեղափոխել, քան այժմ, ինչպես նաև կօգնի տարեկան կրճատել հազարավոր մահվան դեպքեր, որոնք տեղի են ունենում բեռնատարների վթարների հետևանքով»,- ասել է Waymo-ի ներկայացուցիչը:










