Հայաստանում ԵԱՀԿ-ն կարող է գերազանց աշխատել նաև այլ ձևով․ Գերմանիայի դեսպան

14:37 • 03.06.17

Որպես ԵԱՀԿ-ի նախկին նախագահող, Գերմանիան, և, իհարկե, ներկայիս նախագահ Ավստրիան ամեն ինչ արեցին, որպեսզի ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի մանդատը երկարաձգվի, բայց ցավոք սրտի, չկարողացան: Tert.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Բայց կարծում եմ՝ մենք հիմա պետք է առաջ շարժվենք: Մենք միշտ լսել ենք, որ երկրի ղեկավարությունը հետաքրքրված է ԵԱՀԿ-ի ներկայությունը պահել Հայաստանում, և ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն էլ, որն այստեղ էր, նշեց, որ պետք է տեսնենք, թե ինչ կարգի ծրագրեր կարող ենք ինչ-որ ձևով իրականացնել՝ զանազան նախագծերի, ծրագրերի իրականացմամբ ԵԱՀԿ-ի ներկայությունն այստեղ ապահովելու համար»,- ասաց նա:

Գերմանիայի դեսպանը նշեց, որ իրենք միշտ էլ նշել են, որ ցավով են վերաբերվում այն հանգամանքին, որ Հարավային Կովկասում գործող ԵԱՀԿ-ի միակ գրասենյակը փակվեց:

«Ցավալի է, որ չնայած Հայաստանն օգտագործեց ԵԱՀԿ-ի նշանակալի ներկայությունն իր ներսում անցած տարիների ընթացքում, և դա լավ օրինակ էր համագործակցության և լավ աշխատանքի, բայց Հարավային Կովկասում այդ միակ գրասենյակն էլ փակվեց: Սակայն, ինչպես ասացի, պետք է նայենք առաջ՝ տեսնելու համար, որ Հայաստանում ԵԱՀԿ-ն կարող է գերազանց աշխատել նաև այլ ձևով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, օգտագործելով իր կոնսենսուսի իրավունքը, ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգմանը դեմ էր քվեարկել՝ պատճառաբանելով, թե ԵԱՀԿ-ն ականազերծում է իրականացնում ՀՀ սահմանամերձ տարածքներում: Չորս ամիս շարունակ կառույցի ղեկավարությունը փորձում էր հարթել իրավիճակը, սակայն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի գրասենյակից մայիսին հաղորդեցին, որ իրավիճակը փակուղային էր, իսկ այն լուծելուն ուղղված ջանքերն  ապարդյուն են եղել: