ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին միջամտած հաքերները կարող էին լինել որտեղից ասես. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին հաքերների միջամտության մասին, հայտարարել է, որ հաքերները, որոնց Արևմուտքում անվանում են ռուսներ, կարող էին լինել Միացյալ Նահանգներից, սակայն «հմտորեն և պրոֆեսիոնալ կերպով սլաքներն ուղղեցին այլ կողմ»։
«Հաքերները կարող են լինել որտեղ ասես։ Նրանք կարող են լինել Ռուսաստանում, Ասիայում, անգամ՝ ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում։ Նրանք, ի դեպ, կարող էին լինել ԱՄՆ-ից, որոնք շատ հմտորեն և պրոֆեսիոնալ կերպով սլաքները թեքեցին Ռուսաստանի կողմ»,- ասել է ռուս առաջնորդը։
Արևմտյան քաղաքական գործիչները մեղադրում են «ռուս հաքերներին» ընտրությունների ընթացքին միջամտելու համար։ Նման հայտարարություններով են հանդես եկել մասնավորապես ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտված Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ռուս առաջնորդն օրերս նշել է, որ նման հայտարարությունները վնաս են հասցնում ինչպես միջազգային հարաբերություններին և տնտեսությանը, այնպես էլ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի հարցերին։
«Այն ուղղակի վնաս է հասցնում»,- ասել է նա։











