Նոր հավելվածը թույլ չի տա մարդուն ավելորդ գումար ծախսել հարբած ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)

08:39 • 06.06.17

Մասնագետները ստեղծել են սմարթֆոնի համար նախատեսված նոր հավելված, որը 12 ժամով արգելափակում է օգտատիրոջ կրեդիտ քարտը, եթե գտնում է, որ նա չափից շատ է ոգելից խմիչք օգտագործել և կարող է ոչ նպատակային գումար ծախսել:

Ինչպես նշում է Oddity Central-ը, խոսքը DrnkPay հավելվածի մասին է, որը ստեղծվել է բրիտանական iBe TSE խորհրդատվական ընկերության ինժեներների կողմից:

Աղբյուրը մանրամասնում է, որ հավելվածը ստեղծելուց առաջ մասնագետներն ուսումնասիրել են համապատասխան հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ հարցված բրիտանացիների մեծ մասը խոստովանել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու ժամանակ գնումներ է անում, բայց սթափվելուն պես ափսոսում է դրա համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ հավելվածը գործում է համապատասխան ալկոտեստերի օգնությամբ: Ուղղակի հարկավոր է ոգելից խմիչք օգտագործելուց հետո արտաշնչել ալկոտեստերի վրա: Եթե սարքը որոշում է, որ մարդը շատ է խմել, ապա համապատասխան տեղեկություն է ուղարկում հավելվածին, որն էլ 12 ժամով արգելափակում է կրեդիտ քարտը:

Սակայն նրանք, ովքեր չեն ցանկանում ալկոտեստերն իրենց հետ ման տալ, կարող են օգտվել թևնոցի տեսքով այլընտրանքային բիոսենսորից, որն անընդհատ ստուգում է այն կրողի արյան մեջ ալկոհոլի քանակը:

DrnkPay-ի աշխատանքի համար անհրաժեշտ է, որ օգտատերը կրեդիտ քարտը միացնի հավելվածին: Ցանկության դեպքում օգտատերը կարող է նշել, թե որքան ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո հավելվածը պետք է արգելափակի իր քարտը:

 

 

 

 

Նոր հավելվածը թույլ չի տա մարդուն ավելորդ գումար ծախսել հարբած ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)