Տարածաշրջանում ոչ մի պետություն ապահովագրված չէ նման զարգացումներից, եթե Իրանի պես երկրում է կատարվում ահաբեկչություն. Միհրան Հակոբյան

21:08 • 07.06.17

Ահաբեկչությունից հեռու չեն բոլոր այն պետությունները, որոնք անվտանգության լուրջ արտաքին ու ներքին համակարգեր ունեն: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության նորընտիր պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ խոսելով Իրանի խորհրդարանում տեղի ունեցած դեպքի մասին:

Ըստ նրա՝ տարածաշրջանում ոչ մի պետություն ապահովագրված չէ նման զարգացումներից, եթե Իրանի պես երկրում է կատարվում ահաբեկչություն:

Մ. Հակոբյանը նշեց, որ իրադարձությունից հետո դեռևս քիչ ժամանակ է անցել, բայց փաստը մնում է փաստ, որ ահաբեկչությունից հեռու չեն բոլոր այն պետությունները, որոնք փակ են իրենց սահմաններով, որոնք անվտանգության լուրջ համակարգեր ունեն:

«Եթե Իրանի պես հզոր պետության խորհրդարանի վրա հնարավոր է հարձակում գործել, նշանակում է, որ իրավիճակը բարդանում է: Փաստը մնում է փաստ, որ ահաբեկչական խմբավորումը բավական հզոր է, կարողանում է ձեռքերը հասցնել Իրանի մայրաքաղաք և այստեղ գործողություններ նախաձեռնել: Կկարողանա՞ն արդյոք միջազգային հանրությունը, աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք համապատասխան ռազմական լծակներ ունեն Մերձավոր Արևելքում, տարածաշրջանում, խեղդել բնի մեջ, համադրելով ուժերը՝ չարիքից ազատվել»,- ասաց Միհրան Հակոբյանը:

Պատգամավորը նկատեց, թե անպատասխան է մնում այն հարցը, թե ո՞ւմ շահերը կհամընկնեն նման որոշում կայացնելու համար: «Թուրքիան, օրինակ, որը լուրջ ազդեցություն ունի, որքանո՞վ է շահագրգռված, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը չլինի, երբ նախորդ տարի բազմաթիվ էին փաստերը, որ Թուրքիան, եթե ոչ պաշտոնապես, ապա խողովակներով, աջակցում էր նրանց: Որքանո՞վ կհամընկնեն ԱՄՆ, ՌԴ, Իրանի շահերը, պաշտոնական Դամասկոսի շահերը հնարավոր կլինի՞ համադրել ու վերջ տալ ահաբեկչական այս խմբավորման գործընթացին: Իրավիճակը շատ տագնապալից է, քան մինչ օրս մենք կարծում էինք»,- շեշտեց Միհրան Հակոբյանը:

Նա նշեց, որ անտեսել նման իրադարձությունը հարևան Իրանի սահմաններում՝ չի կարելի, որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կա նրանց մտքին:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Իրանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունը կապված է Կատարում ընթացող զարգացումների հետ, Հակոբյանը չհամաձայնեց: Ըստ նրա՝ թեև Իրանը աջակցեց Կատարին, բայց ուղիղ կապել իրադարձությունները միմյանց հետ, այս պահին դժվար է: