Սրճարանների, ռեստորանների տնօրենները կողմ են հանրային վայրերում ծխելն արգելող օրենքին (տեսանյութ)
Սրճարանների, ռեստորանների տնօրենները կողմ են հանրային վայրերում ծխելն արգելող օրենքին: Tert.am-ի հարցման ընթացքում բոլորն, ընդհանուր առմամբ, միակարծիք էին ծխելն արգելելու գաղափարին, բայց ինչ-ինչ հարցերում չէին համաձայնվում: Օրինակ՝ Օպերայի հարակից տարածքի սրճարաններից մեկի տնօրենը նշեց, որ դրական է վերաբերում նախաձեռնությանը, բայց կարծում է, որ բացօթյա տարածքներում այն դժվար կլինի իրագործել:
«Եթե փակ տարածքներում է, դա շատ տեղին է, ապա բացօթյա տարածքների դեպքում չեմ կարծում, որ դա կգործի: Չենք կարող բացօթյա սրճարաններում մերժել մարդկանց ծխելը»,- ասաց նա:
Ըստ նրա՝ հանրային վայրերում ծխելն արգելող օրենքը չի ազդի այցելուների քանակի վրա:
Մեկ այլ ռեստորանի տնօրեն էլ նշեց, որ իրենց համար ընդունելի տարբերակ է հանրային վայրերում չծխելը, ավելին՝ սպասվում էր, որ Հայաստանում կկիրառվի չծխելու միջազգային փորձը:
«Մեր հաստատությունում, քանի որ հատուկ հարմարություն չկա, և՛ ծխողների, և՛ չծխողների համար միանշանակ կողմ եմ նման մոտեցմանը: Բազմիցս խնդիրներ են առաջանում, երբ ծխողները և չծխողները գտնվում են մեկ սրահում և հաճախորդների բողոքի առիթ է առաջանում: Չեմ կարող ասել՝ մեր հասարակությունում ինչպես կընդունվի սա, բայց, կարծում եմ, սկզբնական շրջանում բավականին բարդ կլինի: Կլինեն բազմաթիվ հաճախորդներ, որոնք կդադարեն հաճախել սրճարան»,- ընդգծեց տնօրենը:
Մեկ այլ սրճարանի տնօրեն էլ համոզված է, որ այս արգելքը չի վնասի աշխատանքին. «Կսովորեն, դրան էլ կսովորեն, կարևորը բնակչությանը օգուտ կլինի»:
Tert.am-ը զրուցեց նաև ծխախոտի կրպակի վաճառողի հետ, ում խոսքով՝ ծխախոտի գնի բարձրացումը կամ հասարակական վայրերում արգելքը չի նվազեցնի ծխողների թիվը:
«Չեմ կարծում, որ պահանջարկը դրանից կնվազի: Թանկացումներ հիմա էլ կան, բայց նույն ձև գնում են: Հնարավոր է, որ շատ չնչին տոկոս նվազի, բայց դժվար, թե դա համատարած բնույթ կրի»,- ասաց վաճառողը:
Մանրամասները՝ տեսանյութում:










