Նրանք իրենց ուզածին կհասնեն. Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանովը՝ իր հետ կատարվողի և ՌԴ-ի կողմից անտեսված լինելու մասին

18:33 • 07.06.17

Ռուսաստանի դեսպանատունն առանձնապես չի շտապում օգնել իմ եղբորը․Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց՝ Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով Գալստյանի քույրը՝ Մարիանա Միրզոյանը՝ նշելով, որ ինքը եղբոր հետ երեկ խոսելուց հետո զանգահարել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության բաժին՝ իմանալու, թե բաժնի ղեկավար Օլգա Յուրիևան երբ է պատրաստվում տեսակցել իր եղբորը:

«Ինձ պատասխանեցին, որ նա արձակուրդում է գտնվում և առաջարկեցին վաղը զանգահարել։ Դեսպանատան աշխատակիցները նույնիսկ չարձագանքեցին իմ հաղորդմանը, որ Մարատին մեկուսարանում ծեծի են ենթարկել և ստիպել տարբեր փաստաթղթեր ստորագրել», - ասաց Մարիանա Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ էր պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում էին ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում էին, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:

Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել էր ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում էր հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չէր հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ: 2016թ. ապրիլի 28-ին Բաքվում ավարտվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի քննությունը: Փակ դատավարությունն անցկացվել էր դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ: Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Մարիանա Միրզոյանը պատմեց, որ իրենց վերջին հեռախոսազրույցում եղբայրն ասել է, որ չնայած իր ցանկությանն ու դիմումներին, Ռուսաստանի Հյուպատոսության բաժնի ղեկավարը՝ Օլգա Յուրիևան չի ցանկանում իր հետ հանդիպել: Մարատ Ուելդանովը նշել է, որ չնայած վերջինս ներկա է եղել իր դատին և գիտի ամբողջ պատմությունը, ոչինչ չի ցանկանում անել: «Ռուսաստանի համար սա մի փոքր գործ է Ռուսաստանի համար»,- ասել է Մարատ Ուելդանովը հեռախոսազրույցում:

Մարիանա Միրզոյանը եղբոր հետ հեռախոսազրույցը հրապարակել է: Այնտեղ Մարատ Ուելդանովը խոստովանում է, որ հեռախոսին մոտենալիս իր մոտ այնպիսի տպավորություն էր, որ պետք է իր հարազատներին հրաժեշտ տար:

«Ամեն ինչ անօգուտ է։ Նրանք իրենց ուզածին կհասնեն։ Ես ուժ չունեմ։ Ես հասկանում եմ, որ դա անհույս է»,-ասել է Մարատ Ուելդանովը՝ հավելելով, որ իրեն մեկուսարանում են պահում և ամեն ինչ կարող է տեղի ունենալ՝ հաշվի առնելով, թե իր հետ հիմա ինչ է տեղի ունենում: