Կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների նկատմամբ (տեսանյութ)

21:54 • 07.06.17

Հունիսի 7-ին ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դահլիճում` դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը խստորեն դատապարտել է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամների կողմից խաղաղ ցուցարարների դեմ իրականացված հարձակումը:

«Ես այստեղ եմ հաստատելու, որ մենք թույլ չենք տա Թուրքիային ծեծի ենթարկել անմեղ ցուցարարներին մեր երկրի մայրաքաղաքի փողոցներում: Մենք կշարունակենք արդարության հետամուտ լինել և հասկացնել, որ Ամերիկան միշտ կանգնած կլինի խաղաղության և ազատ խոսքի արտահայտման իրավունքի պաշտպանության կողքին», - The Armenian Weekly-ն փոխանցում է Շիֆի խոսքը:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած քննարկման ժամանակ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Էրդողանի թիկնապահների կողմից իրականացված հարձակումը դատապարտող և մեղավորների պատժի ենթարկելու մասին բանաձևը: