Դա եսասիրության գագաթնակետն էր. Հս. Կորեան քննադատել է Թրամփին կլիմայական համաձայնագրից դուրս գալու համար
Հյուսիսային Կորեան համալրել է այն երկրների շարքը, որոնք քննադատել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշումը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, երկրի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը, հանդես գալով ղեկավարության անունից, նշել է, որ Թրամփի արածը եսասիրության գագաթնակետն էր ու վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն միայն իր բարեկեցության մասին է մտածում:
«Գլոբալ տաքացումն այսօր մարդկության առաջ ծառացած ամենալուրջ խնդիրներից է: Ուստի՝ եսասիրության գագաթնակետն է այն, որ նրանք (ԱՄՆ-Tert.am) ցանկանում են ամբողջ մոլորակի գնով ապահովել սեփական բարեկեցությունը»,-նշել է խոսնակը, ում կարծիքով՝ Թրամփի որոշումն աղետալի հետևանքներ կարող է ունենալ աշխարհի համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին:
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող էր 2.7 մլն աշխատատեղ կորցնել 2025 թվականին, եթե կատարի 2015-ին կնքված համաձայնագրի պայմանները:
Փարիզյան համաձայնագիրը կնքվել է դեկտեմբերի 12-ին, որի 195 մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ 2100 թվականին մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումն ավելի քան 2 աստիճանով:
Բազմաթիվ պետությունների ղեկավարներ հայտարարել են, որ հիասթափված են Թրամփի որոշումից:










