Վիլնյուսում հայտնաբերվել է մարդու ոսկորներով ութ պարկ

18:16 • 07.06.17

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի հին քաղաքում հայտնաբերվել է մարդու ոսկորներով ութ պարկ: Այս մասին հայտնում է Irytas.lt կայքը՝ հղում անելով Վիլնյուսի ոստիկանությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ քաղաքի բնակչուհին դիմել է իրավապահ մարմիններին և պնդել, որ ինքը տների արանքում ոսկորներով պարկեր է հայտնաբերել: Ոստիկանները զննել են տարածքը և համոզվել, որ կնոջ ասածը ճշմարտություն է:

Նշվում է, որ ոսկորները դրված են եղել շինարարական թափոններով պարկերի մեջ: Հողատարածքը, որում դրանք հայտնաբերվել են, 2015 թվականին սեփականաշնորհվել է, և այնտեղ շինարարություն է մեկնարկել: Ավելի ուշ շինարարական աշխատանքները կանգնեցվել են:

Հայտնի է, որ ավելի վաղ այս տարածքում արդեն մարդկային ոսկորներ են հայտնաբերվել, քանի որ այնտեղ գերեզմանոց է եղել: