Կոնգրեսի Հայկական հարցերով խորհուրդը փորձում է կանխել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվելիք օգնության ծավալի կրճատումը
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խորհուրդը փորձում է կասեցնել Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Հայաստանին տրամադրվելիք օգնության չափը կրճատելու վերաբերյալ առաջարկի իրագործումը:
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) ֆեյսբուքյան էջից, որտեղ նշվում է, որ նման նախաձեռնությամբ են հանդես եկել Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը, Աննա Էշուն, Ջեքի Շփեյերը, Ադամ Շիֆն ու խորհրդի այլ դեմոկրատ անդամներ:
ANCA-ն ողջունել է բարձրաստիճան կոնգրեսականների նախաձեռնությունը՝ համակարծիք լինելով այն հարցում, որ 2018թ. բյուջեի նախագծում առաջարկված ԱՄՆ արտաքին օգնության շրջանակում Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական աջակցության ծավալի կրճատումը պետք է կանխել:
«Կոնգրեսի հզոր դիմակայությունը շատ կարևոր է նախագահի կողմից Հայաստանին տրամադրվելիք օգնության չափը զգալի կրճատելու վերաբերյալ առաջարկը կասեցնելու համար: Այն պետք է բախվի երկկուսակցական ամուր դիմակայության»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հունիսի 6-ին խորհրդի նախագահ Հալ Ռոջերսին ու բարձրաստիճան անդամ Նիտա Լոուիին ուղղված նամակում Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների հարցերով ենթահանձնաժողովի ավելի քան 25 անդամ իր անհանգստությունն էր հայտնել Թրամփի՝ 2018թ. Հայաստանին օգնության չափը 67%-ով նվազեցնելու առաջարկի առնչությամբ:
Նամակի հեղինակները կոչ են արել վերականգնել թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին տրամադրվող օգնության միջին մակարդակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփի առաջարկի ընդունվելու դեպքում Վաշինգտոնը 2018թ. համար Հայաստանին կտրամադրի ընդամենը 6.8 մլն դոլարի օգնություն, մինչդեռ 2017թ. տրամադրել էր 20.4 մլն:










