Ռուսական ավիաընկերություններին 12 օր են տվել չվերթների հետաձգման հետ կապված խնդիրների լուծման համար
ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ Ռոսավիացիան, հանձնարարել է ռուսական ավիաընկերություններին մինչև հունիսի 20-ը լուծել չվերթների զանգվածային հետաձգումների խնդիրը: Այդ մասին հայտնում է դաշնային գործակալության մամուլի ծառայությունը, գրում է lenta.ru-ն:
Մինչ նշված ժամկետն ավիափոխադրողները պետք է ամբողջությամբ վերացնեն և այլևս խափանումներ թույլ չտան ժամանակացույցում: Նրանք նաև պարտավոր են կարգավորել թռիչքների ծրագիրը և ճիշտ ժամանակին տեղեկացնել ուղևորներին ժամանակացույցում փոփոխությունների մասին:
Այդ հանձնարարությունը տվել է Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներյադկոն չարտերային ավիաընկերությունների հետ խորհրդակցության արդյունքներով: Նա նշել է, որ այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում նրանք զգալիորեն ավելացրել են ուղևորատար փոխադրումների ծավալը, սակայն այդ ցուցանիշի մեծացումը չի զուգակցվում անհրաժեշտ քանակությամբ օդանավերի և անձնակազմի առկայության հետ: Դա էլ բերում է չեղարկումների և չվերթների հետաձգումների բազմաթիվ դեպքերի:










