Ղրղզստանում ձերբակալել են իրեն պայթեցնել պատրաստվող մահապարտի
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են միջազգային ահաբեկչական կազմակերպության մահապարտ ահաբեկչի, որը պատրաստվում էր իրեն պայթեցնելու միջոցով ահաբեկչություն կազմակերպել: Այդ մասին հայտնում է երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անցկացվող հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում Ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցներն ահաբեկչական գործողության կատարման պատրաստության փուլում ձերբակալել են միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ Մ. Ա.-ն: Միջազգային ահաբեկչական կազմակերպության ղեկավարների հրահանգով նա պատրաստվում էր պայթեցնել իրեն մարդկանց զանգվածային կուտակման վայրում»,- հայտնում է մամուլի ծառայությունը:
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ձերբակալվածն անցել էր պայթուցիկների պատրաստման և որպես մահապարտ հատուկ գաղափարախոսական նախապատրաստություն: Ձերբակալության պահին նա պատրաստում էր ինքնաշեն պայթուցիկ սարքը, որի բաղադրիչները հայտնաբերվել են խուզարկության ժամանակ:










