Մակեդոնիայի վարչապետը պատրաստ է փոխել երկրի անվանումը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար

14:55 • 08.06.17

Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը հայտարարել է, որ պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն անվանումով, որի հարցում պնդում է Հունաստանը: Նախօրեին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը շնորհավորել է Զաևին պաշտոնի անցնելու կապակցությամբ և հաստատել է Մակեդոնիայի անվան վերաբերյալ վեճում Աթենքի դիրքորոշումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Կա երկու ճանապարհ. կա՛մ խնդրի լուծումը, կա՛մ ՆԱՏՕ-ին միանալ ժամանակավոր անվանումով և շարունակել Հունաստանի հետ բանակցությունները խնդրի վերաբերյալ»,- հայտարարել է Զաևը:


Նա հավելել է, որ առաջիկա ամիսներին ակնկալում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի այցը, «ով կբացի երկրի առաջ դռները Հյուսիսատլանտյան դաշինքին լիիրավ անդամակցության համար»:


Մակեդոնիան միացել է, այսպես կոչված, «ՆԱՏՕ-ին անդամակցության նախապատրաստման գործողությունների ծրագրին» 2009 թվականին:


Նախկին հարավսլավական պետության անվանման պատճառով Հունաստանի հետ վեճն առաջացել է 1991 թվականին Հարավսլավիայի կազմից Մակեդոնիայի դուրս գալուց հետո: Աթենքը փորձում է հասնել հարևան երկրի անվան փոփոխության, որպեսզի այն չշփոթեն Մակեդոնիա հունական շրջանի հետ, և արգելափակում է Սկոպյեի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: