Հս. Կորեան խոստացել է Ճապոնիան ԱՄՆ-ից շուտ «մոխրի վերածել»
Հյուսիսային Կորեայի խաղաղության պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահը խոստացել է Ճապոնիան Միացյալ Նահանգներից շուտ մոխրի վերածել, գրում է ria.ru-ն:
«Եթե Ճապոնիան իրականում անհանգստանում է իր անվտանգության համար, ապա պետք է հրաժարվի Հյուսիսային Կորեայի նկատմամբ թշնամական քաղաքականությունից ու իր տարածքից հեռացնի ամերիկյան ռազմաբազաները: Այդ երկիրը լավ կանի, եթե հիշի, որ չնախատեսված իրավիճակում արշիպելագը կարող է մոխրի վերածվել ԱՄՆ-ից ավելի շուտ»,- նշվում է պաշտոնյայի տարածած հայտարարությունում։
Բացի այդ, Փհենյանը Տոկիոյին հիշեցրել է, որ Ճապոնիան կղզի-պետություն է ու չպետք է ավանտյուրաներ անի «անպարտելի ու անողոք միջուկային տերության»՝ Հյուսիսային Կորեայի դեմ:
Աղբյուրը հիշեցնում է, որ պաշտոնյայի սպառնալիքներին նախորդել էր Ճապոնիայի հայտարարությունն առ այն, որ Տոկիոն ու Վաշինգտոնն ամուր միություն են կազմել:
Նշենք, որ վերջին ամիսներին իրավիճակը Կորեական թերակղզու շուրջ խիստ լարվել է: Հյուսիսային Կորեան, անտեսելով միջազգային հանրության դժգոհությունը, շարունակում է բալիստիկ հրթիռների արձակումն ու միջուկային ծրագրի զարգացումը: Մինչդեռ Վաշինգտոնը սպառնում է ռազմական ճանապարհով լուծել առկա տարաձայնությունները:










