Չինաստանի քաղաքներից մեկում սահմանվել է «մեկ ընտանիք-մեկ շուն» կանոնը
Չինաստանի Շանդուն նահանգի Ցինդաո քաղաքում մտցվել է տանը պահվող շների քանակի սահմանափակում: Այս մասին հայտնում է The South China Morning Post-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այժմ յուրաքանչյուր ընտանիքում պետք է լինի առավելագույնը մեկ շուն: Դրանից բացի, արգելվում է տանը պահել շների մոտ 40 ցեղատեսակի ներկայացուցչի: Նրանց թվում են տիբեթյան մաստիֆները, դոբերմանները և պիտբուլները:
Կայքը գրում է, որ հունիսի ութից շների տերերը պետք է գրանցեն իրենց տանը պահվող կենդանիներին՝ նշելով նրանց տարիքը, գունավորումը և ցեղատեսակը:
Մեկ շնից ավել պահողները կտուգանվեն 500-2.000 յուանով (74-295 դոլար): Եթե տուգանքից հետո իրավախախտումը չվերացվի, կենդանին կառգրավվի:
Նշվում է, որ արդեն մեկ շնից ավել ունեցող բնակիչներին թույլ կտրվի տանը թողնել բոլոր կենդանիներին:










