Գլխի առաջին փոխպատվաստմանը պատրաստվող վիրաբույժը հաջող փորձարկումներ է կատարել մկների վրա

23:28 • 15.06.17

Իտալացի նյարդավիրաբույժ Սերժիո Կանավերոն, որը պատրասվում է իրականացնել գլխի առաջին փոխպատվաստումը, նոր փորձարկումներ է կատարել այս անգամ մկների վրա:

Ինչպես հայտնում է Business Insider-ը, իտալացի վիրաբույժը նախկինում տեղեկացրել էր, որ իրեն արդեն հաջողվել է առանձնացնել, ապա նորից միացնել շան ողնաշարը: Այժմ նույն փորձը նա կատարել է մկների վրա` զեկույցում նշելով, որ կարողացել է երկգլխանի կրծողներ ստեղծել:

Այս փորձարկումներից յուրաքանչյուրը, Կանավերոյի խոսքով, առաջընթացի փոքրիկ քայլ է աշխարհում գլխի առաջին փոխպատվաստմանը նախապատրաստվելիս, որն ավելի վաղ հաղորդվող տեղեկությունների համաձայն՝ նա մտադիր է իրականացնել այս տարի:

Հունիսի 14-ին հրապարակված զեկույցում Կանավերոն նշել է, որ հատուկ եղանակով վիրահատության ենթարկված մկներն իրենց շարժողական գործառույթը վերականգնել են և կարողացել են քայլել 28 օր անց:

Հիշեցնենք, որ գլխի փոխպավաստման վիրահատությունն իրականացվելու է 31-ամյա ռուս համակարգչային մասնագետ Վալերի Սպիրիդոնովի համար, ով տառապում է «ողնաշարի մկանային հյուծում» հազվադեպ հիվանդությամբ և գամված է անվասայլակին:

Վիրաբույժի խոսքով`փոխպատվաստմանը կմասնակցի 150 հոգանոց բուժանձնակազմ, իսկ վիրահատությունը կտևի 36 ժամ:

 

 

Գլխի առաջին փոխպատվաստմանը պատրաստվող վիրաբույժը հաջող փորձարկումներ է կատարել մկների վրա