Դիվանագետների լիազորությունները սահմանված են Կոնվենցիայով. Բալայանը՝ Սվիտալսկիի հայտարարության մասին

12:25 • 16.06.17

Դիվանագիտական առաքելությունների և դրանց անդամների լիազորությունների շրջանակը սահմանված է «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ. Վիեննայի կոնվենցիայով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի այն հայտարարությանը,  Հայաստանում պետք է մտածեն, թե ինչպես կարող են Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի արժանահավատ դարձնել:


Հարցին, թե ԱԳՆ-ն ինչպե՞ս է վերաբերվում Պյոտր Սվիտալսկու երեկվա հայտարարություններին և արդյոք ԱԳՆ-ն կիսո՞ւմ է Արդարադատության նախարարի տեսակետը, թե սա միջամտություն է երկրի ներքին գործերին, Տիգրան Բալայանն ասաց.«Դավիթ Հարությունյանը կառավարության անդամ է, ով լավագույնս տիրապետում է իրավական փաստաթղթերին»։


Հիշեցնենք, որ դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ ընտրական գործընթացների վերաբերյալ հայտարարությունների շուրջ, Դավիթ Հարությունյանն ասել էր, որ Սվիտալսկիի հայտարարությունը փորձ է ներքին քաղաքականության հարցին միջամտելու, ինչն անթույլատրելի է.« Ընտրական համակարգի վերաբերյալ դիրքորոշում պետք է արտահայտեն ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի ներկայացուցիչները»: