Առանց ՀՀ-ի համաձայնության ԱՄՆ-ն չի կարող որոշել իր բաժնեմասերի թեկուզ մեկ տոկոսը նվիրել որևէ երկրի կամ անհատի. Միրզոյանը՝ TRIPP-ի մասին
Միացյալ Նահանգները TRIPP զարգացման ընկերություն ԱՄՆ-ի միջոցով կունենա TRIPP զարգացման՝ մեր հայաստանյան ընկերության բաժնեմասերի 74%-ը, ինչը երկուերորդից պակաս է, և Հայաստանի Հանրապետությունը կունենա բաժնեմասերի 26%-ը: Այս մասին Ազգային ժողովում՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստին ասել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այս կարգավորումը կգործի 49 տարով, կողմերը, իհարկե, կարող են երկարացնել իրենց իրավահարաբերությունները և նախագծի կենսագործումը: Այս դեպքում ավտոմատ կերպով, առանց ՀՀ-ի կողմից որևէ այլ հավելյալ ներգրավման, ներդրման, ֆինանսական կամ այլն, միանգամից ՀՀ-ի բաժնեմասերը կդառնան 49%, իսկ TRIPP զարգացման ԱՄՆ ընկերության բաժնեմասերը կդառնան 51%»,-նշել է նա:
Միրզոյանն ընդգծել է, որ որոշումների ընդունման կարգը ևս չափազանց կարևոր է:
«Սահմանվում են հարցերի շրջանակ, որոնցում, անկախ բաժնեմասերի՝ մեր 26%-ն ունենալուց, անպայմանորեն անհրաժեշտ է լինելու ՀՀ-ի համաձայնությունը: Այդ հարցերի շրջանակը բավականին լայն է, բավական կարևոր է:
Այնպիսի իրավիճակ չի կարող լինել, որ Միացյալ Նահանգները, ի դեմս TRIPP զարգացման ընկերություն ԱՄՆ-ի, որոշի իր ունեցած 74% բաժնեմասից, ասենք՝ 1%-ը նվիրել որևէ անհատի կամ որևէ երկրի՝ առանց ՀՀ-ի համաձայնության: Կնքել որևէ խոշոր ֆինանսական պայմանագրային գործարքներ, կոնսեսիոն պայմանների հաստատում, դուստր կամ հատուկ նշանակության կազմակերպությունների ստեղծում, նաև՝ ազգային անվտանգության և քաղաքական նշանակության այլ հարցեր, այսինքն՝ հարցերի բավականին լայն շրջանակ, անկախ մեր ընդամենը 26% կամ ընդհուպ մինչև 26% ունենալու հանգամանքի, նույնիսկ եթե մեկ ձայն ունենք, այդ հարցերի շրջանակով ՀՀ ձայնը, համաձայնությունը պարտադիր է»,-մանրամասնել է ԱԳՄԱ նախարարը:










