Երևանում մեկնարկել է «Թվապատում» միջազգային մեդիա կոնֆերանսը

14:53 • 16.06.17

 

Այսօր Երևանում մեկնարկել է «Թվապատում» միջազգային մեդիա կոնֆերանսը, որը նպատակ ունի ներկայացնելու թվային միջավայրում մեդիա բովանդակության ստեղծման ժամանակակից փորձը, ձեռքբերումներն ու միտումները:

«Թվապատում 2017»-ը մեդիա բովանդակություն ստեղծելու նոր միտումների, գործիքների և մեդիայի աշխատանքը կազմակերպելու ու կառավարելու մասին է:

Այս տարի կոնֆերանսին մասնակցելու և դասախոսություններով հանդես գալու համար Երևան են ժամանել մեդիամասնագետներ Գերմանիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լեհաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, ովքեր կներկայացնեն թվային միջավայրում մեդիայի գոյատևման, զարգացման և հաջողության միջազգային փորձը։

Մասնավորապես ժամանել են ամերիկյան Lee Hunt ընկերության հիմնադիր, ռազմավարությունների մշակման ճանաչված մասնագետ Լի Հանթը, Հարվարդի Բիզնես դպրոցի գիտաշխատող, լեհ խմբագիր ու մեդիա մենեջեր Գժեգոժ Պիխոտան, Russia Beyond The Headlines-ի գլխավոր խմբագիր Վսեվոլոդ Պուլյան,  Hack Pack նախագծի հիմնադիր և ղեկավար Ջասթին Վարիլեքը, Մոսկվայի պետական համալսարանի դասախոս Նատալյա Լոսևան, Advance Digital մեդիա ընկերությունը ներկայացնող Դեյվիդ Ջեքոբսը:

Այս տարի բանախոսների տեսական ու գործնական խորհուրդներն ուղղված կլինեն առաջին հերթին մեդիա մենեջերներին, բայց վարպետության դասընթացներ կլինեն նաև լրագրողներին, ուսանողների ու մեդիա համայնքի մյուս ներկայացուցիչների համար:


«Թվապատում»-ը կանցկացվի նաև վաղը:

 

 

 

Երևանում մեկնարկել է «Թվապատում» միջազգային մեդիա կոնֆերանսը