Honda-ն դադարեցրել է Ճապոնիայում իր գործարանի աշխատանքը՝ համակարգչային ցանցում WannaCry վիրուսը հայտնաբերելուց հետո
Ճապոնական Honda ընկերությունը հայտարարել է, որ երկուշաբթի մեկ օրով կանգնեցրել է Ճապոնիայում ավտոմոբիլային գործարանում արտադրությունը՝ համակարգչային ցանցում հայտնաբերված WannaCry վիրուսի պատճառով, որն անցած ամիս տարածվել էր ամբողջ աշխարհով մեկ, հայտնում է Reuters գործակալությունը:
Ավտոարտադրողը դադարեցրել է արտադրությունը Տոկիոյից հյուսիս-արևմուտք գտնվող «Սայամա» գործարանում, որն օրական մոտ 1000 ավտոմեքենա է թողարկում:
Ինչպես նշել է ընկերության խոսնակը, Honda-ն կիրակի հայտնաբերել է, որ վիրուսը հայտնվել է իր համակարգչային ցանցում՝ չնայած մայիսի կեսին, երբ վիրուսը դարձել էր տարբեր երկրների գործարաններում, հիվանդանոցներում և խանութներում աշխատանքի խափանման պատճառ, իր համակարգերի անվտանգությունն ուժեղացնելու փորձերին:
Նա հավելել է, որ մյուս գործարանների աշխատանքում փոփոխություններ չեն եղել, իսկ «Սայամա» գործարանի աշխատանքի վերսկսվել է երեքշաբթի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխարհի 150 երկրում կազմակերպությունների վրա WannaCry շորթիչ վիրուսի միջոցով իրականացված մասշտաբային կիբեռհարձակման հետևում կանգնած են եղել կառավարության հետ կապված Lazarus խմբավորման հյուսիսկորեացի հաքերները։
«Կասպերսկու լաբորատորիա»-ում և Symantec-ում նախկինում նույնպես հայտարարել էին, որ հարձակման հետևում կարող է կանգնած լինել այդ խմբավորումը:










